Պատմություն

<<1954թ օգոստոս-Տնքում  է  գնացքը  Կարճևանի  կայարանի  առջև:Գնացքից  իջնում  ենք  Ագարակի  նորաստեղծ դպրոց  գործուղված  երկու  ուսուցիչներս  և  զարմացած  նայում  շուրջը, իսկ  շուրջը  լեռներ  էին, լեռներ՝ լեռների վրա, մեկը  մյուսի  վրա  ծալված, մեկը  մեկի  շալակը  ընկած, մեկը  մյուսից  ահաբեկված:Այսպիսի լեռներ մենք չէինք տեսել:

Առաջին  գիշերը  մի կերպ  լուսացնում  ենք՝ տանջվելով  մոծակների  խայթոցներից, շնչահեղձ  անող օգոստոսյան շոգից, լեռների  լռության  և  թշնամի  պետության  վախից, Արաքսի  մոտիկությունից…

Առավոտյան  գնում  ենք  դպրոց՝  աշխատանքի:Այն  տեղավորված  էր  հրապարակի  վրա  գտնվող  երհարկանի  շենքի(ներկայիս  երաժշտական  դպրոց)  առաջին  հարկում, որն  ուներ  ընդհանուր  միջանցք  հարևան  հիմնարկի  հետ:Հավաքվում  են  բոլոր  ուսուցիչները:Դպրոցի  դիրեկտոր  Արշավիր  Մելքոնյանը՝ հեզաբարո  մի  անձնավորություն մեզ՝ ուսւոցիչներիս  ներկայացնում  է  իրար:Ահա  նրանք՝ Երմոնյա  Մարության, Օլյա Սահակյան (դասվարներ), Սոֆյա  Դավթյան(ռուսաց լեզու), Բաբկեն Առաքելյան (ֆիզիկա,մաթեմատիկա):Դիրեկտորը  քիմիայի և կենսաբանության  մասնագետ էր:Ես  պարապում  էի  մայրենի  լեզու  և  ֆիզկուլտուրա>>:

Հուշերը  Ագարակի  պատմությանն  է  թողել  Արամայիս  Սարգսյանը:

Առաջիններն  էին  նրանք, եկան  նվիրումով, դժվար  օրեր  ունեցան , չերկյուղեցին  կիսակառույց բնակավայրի  դժվարություններից:Նրանք  ճանապարհ  բացեցին, հետո  հարթեցին  այն, հետո նրանց  բացաց  հետքերով  սերունդներ  քայլեցին և կքայլեն  երկար-երկար:Փա՛ռք նրանց:

1954թ սեպտեմբերի  1-ին   մեծ  աշխուժություն  էր  Ագարակում:Դպրոցամերձ  հրապարակում  հավաքվել  էր  ավանի  ողջ  բնակչությունը:Ինչ  իմանային  նրանք, որ  երբեմնի  անապատում  բնակավայր  կկառուցվեր, այն  կհարստանար  կենսագրությամբ, և  մի  օր  էլ  այնտեղ  կհնչեր  դպրոցական  զանգը:Երեխաների  աղմուկը  կարծես  պատռել  էր  շրջակա  լեռների  դարավոր  լռությունը:

Եվ… դպրոցի  հավաքարար  Նուբար  մայրիկը  դպրոցի  մուտքի  պատին  կախված  երկաթին  հարվածելով  ազդարարում  է  դպրոցի  առաջին  ուսումնական  տարվա  սկիզբը:Սրբազան  պահ՝ Ագարակը  դադարում  է  սոսկ  աշխարհագրական  տեղանք  լինելուց  և  ձեռք  է  բերում    նոր  ու կարևոր  իմաստ, <<Հացից  հետո  ժողովրդի  համար  ամենակարևորը  դպրոցն  է>>:

Սեպտեմբերի  վերջին  ծնունդ  է  առնում  նաև  բանվոր  երիտասարդության  երեկոյան  (հերթափոխային)  դպրոցը:

Ու  քայլեց  դպրոցի  պատմությունը՝ հյուսելով  մանկության  և  պատանեկության  մի  չքնաղ  երազ…  ու  երազը  շարունակվում  է՝ կրթելով  մատաղ  միտք  ու  հոգի:

1954թ-ից    դպրոցը  ղեկավարել  են   Արշավիր Մելքոնյանը, Իշխան Մանուչարյանը,

Մամիկոն Հարությունյանը,Սերժիկ Պողոսյանը,Էմմա Դավթյանը , Անահիտ Առաքելյանը և Էռնա  Բարխուդարյանը:

2018թ օգոստոսի 17-ից  դպրոցը  ղեկավարում   է  Անժելա  Արմոյի  Աղայանը:

 

Դպրոցի շենքը տիպային է ՝  բաղկացած  երեք մասնաշենքից: Դպրոցում առկա են  4 վարչական կաբինետ, 3 ուսուցչանոց, 3 լաբորատորիա, 25 դասասենյակ, շախմատի, երգի, տեխնոլոգիայի, ՆԶՊ-ի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և համակարգչային կաբինետներ, ուսուցչի օգնականների սենյակ, զենքի պահեստ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բուժկետ, գրադարան, արհեստանոց, խոհանոց, 2 ճաշասենյակ, 2 արխիվ, 2 պահեստային սենյակ, 17 սանհանգույց  և  նկուղ:

Դպրոցի բոլոր դասասենյակները մասնակի վերանորոգված են:

Վերանորոգման ենթակա են տարրական և հիմնական մասնաշենքերի միջանցքները, ինչպես նաև մարզադահլիճը:

Դպրոցի նյութատեխնիկական բազան բավականին հարուստ է (համակարգչային և աուդիոտեխնիկա): Կա լաբորատոր սարքավորումների կարիք:

«Ագարակի միջնակարգ դպրոց»  ՊՈԱԿ-ը 2003 թ.-ին գրանցվել է  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Մեղրու տարածքային բաժնում:

Դպրոցի կանոնադրությունը նոր խմբագրությամբ  հաստատվել է 2017 թ.-ին:

Համաձայն ՀՀ ԿԳՆ  2011 թվականի հուլիսի 15-ի № 814 Ա/Ք   և 2017 թվականի հուլիսի 21-ի №804 Ա/2  հրամաններով հաստատված լիցենզիաների՝ դպրոցն իրականացնում է  հետևյալ կրթական ծրագրերը.

  • Տարրական — 270 սահմանային տեղ
  • Հիմնական — 258 սահմանային տեղ
  • Միջնակարգ – 149 սահմանային տեղ

2018 թ.-ի մարտին փոխվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:

2018 թ.-ի ապրիլին «ԿԱԼԳԱՐԻ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է հիմնական միջոցների վերագանահատում: Դպրոցում առկա  է 81 անուն հիմնական միջոց, որոնց ընդհանուր արժեքը կազմում է   16 097 878  ՀՀ  դրամ:

2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ դպրոցն ունի 75 աշխատակից (3 աշխատակից համատեղությամբ), որից   57  ուսուցիչ: Ուսուցիչներից 36-ը վերապատրաստված են, 9-ը ենթակա են վերապատրաստման, 12-ը երբևէ չեն վերապատրաստվել: